четверг, 4 февраля 2016 г.

Մեջբերումներ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» գրքից

Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։ 

Նա հիշեց, թե ինչպես մի անգամ կարթով մի էգ մեռլան բռնեց։ Արուն միշտ թողնում է, որ նախ էգը մոտենա կերին, և ահա էգը, ընկնելով կարթի վրա, սարսափից սկսեց հուսահատ ու կատաղի պայքար մղել, որից և արագ ուժասպառ եղավ, իսկ արուն, առանց մի քայլ հեռանալու նրանից, լողում ու պտտվում էր նրա հետ ջրի մակերեսին։ 

...Ամպերն իրար էին միանում՝ ազդարարելով պասատային քամի, և նայելով առաջ՝ նա տեսավ երկնքի վրա որոշակի գծագրվող վայրի բադերի մի երամ. ահա դա ջնջվեց, հետո ավելի որոշակի գծագրվեց, և ծերունին հասկացավ, որ մարդը ծովի վրա երբեք մենակ չի լինում։

Մարդը հո մի առանձին բան չէ հիանալի գազանների ու թռչունների կողքին։

«Շատ բան չեմ հասկանում ես,— մտածեց նա։— Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։

«Հիմա գլուխս պայծառ է,— մտածեց նա,— նույնիսկ շատ պայծառ։ Նույնքան պայծառ, ինչքան իմ քույրերը՝ աստղերը։ Բայց մեկ է, անհրաժեշտ է, որ մի փոքր քնեմ։ Աստղերն էլ են քնում, լուսինն էլ է քնում, արևն էլ է քնում, և նույնիսկ օվկիանոսն է երբեմն քնում այն օրերին, երբ հոսանք չկա, և կատարյալ լռություն է տիրում»։

... Իսկ տղամարդու համար ցավը դատարկ բան է։

... Դու պարտավոր ես դիմանալ, ծերո՛ւկ։ Չհամարձակվես նույնիսկ մտածել, որ կարող ես չդիմանալ։

Գործերս շատ լավ էին ընթանում։ Երկար ժամանակ այդպես չէր կարող շարունակվել։ 

— Բայց մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի,— ասաց նա։— Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել։

«Անմտություն է հուսահատվելը,— մտածեց նա,— մանավանդ որ դա կարծեմ թե մեղք է։ Չարժե մտածել այն մասին, թե ինչն է մեղք, ինչը՝ ոչ։ Առանց այդ էլ մտածելու շատ բան կա աշխարհում։ 

«Մանավանդ որ ամենքն էլ,— մտածեց նա,— այսպես թե այնպես, սպանում են որևէ մեկին կամ որևէ բան։ Ձկնորսությունը սպանում է ինձ ճիշտ այնպես, ինչպես որ չի թողնում մեռնեմ։ 

Комментариев нет:

Отправить комментарий