Նա հիշեց, թե ինչպես մի անգամ կարթով մի էգ մեռլան բռնեց։ Արուն միշտ թողնում է, որ նախ էգը մոտենա կերին, և ահա էգը, ընկնելով կարթի վրա, սարսափից սկսեց հուսահատ ու կատաղի պայքար մղել, որից և արագ ուժասպառ եղավ, իսկ արուն, առանց մի քայլ հեռանալու նրանից, լողում ու պտտվում էր նրա հետ ջրի մակերեսին։
...Ամպերն իրար էին միանում՝ ազդարարելով պասատային քամի, և նայելով առաջ՝ նա տեսավ երկնքի վրա որոշակի գծագրվող վայրի բադերի մի երամ. ահա դա ջնջվեց, հետո ավելի որոշակի գծագրվեց, և ծերունին հասկացավ, որ մարդը ծովի վրա երբեք մենակ չի լինում։