среда, 9 января 2013 г.

Սևանա լճի հիմնախնդիրը

Սևանն  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: 1981թ.-ից ի վեր ավարտվեց և շահագործման հանձնվեց տարեկան 250 մլն մ3 հզորությամբ Արփա-Սևան ջրատարը:
Արփա-Սևանի ջրերի մատակարարման արդյունքում 1981-1990 թթ. լճի մակարդակն ավելացավ 0,9 մետրով: Սակայն 1990-ականների ջրի մակարդակը իջավ 1,5 մետրով: 2003թ. Սևանին «օգնեց» տարեկան 165 մլն մ3 հզորությամբ Որոտան-Արփա ջրուղին: Դրանից հետո նախատեսվում էր, որ լճի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք է ավելանա 12 սմ-ով: Սակայն 2001-ից ի վեր Սևանա լճի մակարդակն ավելացել է չնախատեսված չափով` 3,81մետրով, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը պետք է լիներ 2,7 մետր:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող և այսօր դեռ քննարկման փուլում գտնվող «2013-2022թթ Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ջրերի մակարդակի «մինչև 1903,5 բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն ջրի տակ, որի հետևանքով կառաջանան այնպիսի էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք լուծելու համար կպահանջվի մի քանի փուլերից բաղկացած երկարամյա գործընթաց»:Համաձայն Ջրային պաշարների պետական կոմիտեի աշխատակիցների հրապարակած տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արփայից Սևան է լցվել 62 մլն մ3 ջուր:
Մինչև լճի մակարդակի իջեցումը կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվել թերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը: Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը, Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն,  լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝ Հրազդանը:
Սեւանա լիճը համարվում է ՀՀ-ի եւ ողջ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
Սեւանա լճի ճահճացման պատճառները
1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:     ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:
Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով:
Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով` Սեւանա լճի մակարդակը եղել է բ.ծ.մ 1898.89մ: Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա անտառներ կհայտնվեն ջրի տակ: Դեռեւս 2009թ. պետք է մաքրվեր 600 հա անտառ: Սակայն լճի մակարդակը սպասվածից ավելի արագ էր բարձրանում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատշաճ կերպով չկազմակերպեց ափերի մաքրման, ծառերի հատման աշխատանքները եւ հազարավոր ծառեր մնացին ջրի տակ: ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի տվյալներով`եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա: ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից: Հարկ է նշել, որ Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀ կառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀ դատախազությունը քրեական գործ էր հարուցել:
2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց  «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:
ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սեւանը 1903,5մ նիշին կհասնի 2031թ.: Ծովի մակարդակից բարձր մինչեւ 1905մ Սևանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967 բնակելի շինություններԱյդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքի կադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ը անօրինական կերպով են կառուցվել: Ապօրինի շինությունների համար պետությունը որեւէ փոխհատուցում չի նախատեսում:   Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդային տարիներին Սեւանա լճի մակարդակը իջեցնում էին` պատճառաբանելով, որ մեծ քանակությամբ ջուր է անիմաստ գոլորշիանում: Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճի մակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցված առանձնատները:
Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալված հողատարածքներ, որոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվել, ջրածածկ կլինի 15 կմ ճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ու կայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել:
Սեւանա լճի ձկնապաշարների վիճակը
Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա
Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողության ավելացումը: Սևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` ձմեռային բախտակը եւ բոջակը անվերադարձ կորել են, իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են` ի հաշիվ արհեստական վերարտադրության: Սևանի էնդեմիկ տեսակներից` կողակի եւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ չէ:  Խեցգետնինը եւ կարասը  ներմուծվել են 1980-ական թվականների սկզբներին եւ սկսել են արագ բազմանալ: Ներկայումս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառով: Նվազել են նաեւ կարասի պաշարները: Ավելին, նախարարությունն առաջարկել է կառավարությանը 2010թ. տարի մանրաձուկ բաց չթողնել Սևան եւ մանրաձկների համար նախատեսված գումարով վճարել Սևանա լճի ափերի մաքրման համար ձեռք բերված սարքի համար չբավականացրած վճարի պակասորդը: Մյուս կողմից էլ Սևանում շարունակվում է ձկնագողությունը:
Կար եւս մեկ հանգամանք, որը խոչընդոտում էր  ձկների վերարտադրողականության բարձրացմանը: Դա Սևան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր: Սևանա լիճ լցվող գետերից Այրքի, Ավազանի եւ Գետիկի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիա էր տրվել: Նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաեւ խոչընդոտում ձկների անցմանը, որոնք ձվադրման համար Սևանից բարձրանում են դեպի գետի ակունք։ Սևանի ձկնապաշարների պահպանման նպատակով վերջերս ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց արգելել Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

Հանքարդյունաբերության ազդեցությունը Սեւանա լճի վրա
Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տվյալների` Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր: Նրանցից կանդրադառնանք ամենախոշորներին, որոնք ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկու հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրինՍոտքի ոսկու հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ: Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանր մետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որ ձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել, որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը
Կարծիք
Սևանա լճի հիմախնդիրը շատ արդիական է հայերի համար: ՀՀ-ի կառավարությունը կարևոր է համարում այդ խնդրի լուծումը: Բազմաթիվ լուծումներ է առաջարկում կառավարությունը, որոնցից մի քանիսը արդեն իրականացվել է և դեռ իրականացվում է: Սևանա լիճը ճահճանում է և դա լուրջ պատճառ է, քանի որ ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ են անցնում հարակից կառույցները: Սևանի խնդիրների մեջ մեծ դեր է զբաղեցնում աղբի թափոնների առկայությւոնը: Ամեն տարի Սևանում բազմաթիվ մարդիկ են հանգստանում, սակայն ամենավատն այն է, որ իրենք չեն հավաքում իրենց աղբը և թողնում են ջրի ափին, որից հետո էլ այն աստիճանաբար ջրի մեջ է անցնում: Սևանում կա ձկան եզակի տեսակներ,որոնք բոլորիս համար մեծ նշանակություն ունի: Սակայն ձկնորսները այնքան են որսացել, որ դրանք արդեն վերացման եզրին են կանգնած: Իշխանությունները արհեստական ճանապարհով բազմացնում են ձկների որոշ տեսակներ և արգելում են որսը, սակայն` ապարդյուն: Իմ առաջարկն այն է, որ մենք ինքներս գիտակցենք, որ պետք է մտածենք Սևանի մասին և թույլ չտանք, որ Սևանա լիճը կանգնի որևէ խնդրի առաջ: Օգնենք կառավարությանը որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուծել այս խնդիրը: Մենք կարող ենք Սևանը պաշտպանել, սակայն դա կախված է մեր խելացի և մտածված քայլերից:
Օգտվել եմ հետևյալ կայքերից

Комментариев нет:

Отправить комментарий