Հոդված 595.
|
Նվիրատվության պայմանագրի ձևը
|
1. Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Հոդված 596.
|
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը
|
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:
Հոդված 598.
|
Նվիրատվությունն արգելելը
|
Արգելվում է`
1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.
3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:
Հոդված 601.
|
Նվիրատվությունը վերացնելը
|
1. Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
2. Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները:
3. Նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում:
4. Դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով, կարող է վերացնել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կատարած նվիրատվությունը:
5. Նվիրատվության պայմանագրում կարող է սահմանվել նվիրատվությունը վերացնելու` նվիրատուի իրավունքը, եթե նա նվիրառուից ավելի երկար ապրի:
6. Նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին:
Հոդված 605.
|
Նվիրաբերություն
|
1. Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:
2. Նվիրաբերությունն ընդունելու համար որևէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում:
3. Նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան:
4. Նվիրաբերությունը որոշակի նպատակով օգտագործելու համար ընդունած իրավաբանական անձը, պետք է վարի նվիրաբերված գույքի օգտագործման բոլոր գործառնությունների առանձնացված հաշվարկ:
5. Եթե իրադրության փոփոխման հետևանքով նվիրաբերված գույքի օգտագործումը նվիրաբերողի սահմանած նպատակին համապատասխան դառնում է անհնար, այն կարող է օգտագործվել այլ նպատակով միայն նվիրաբերողի համաձայնությամբ, իսկ նվիրաբերող քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում` դատարանի վճռով:
6. Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում:
7. Նվիրաբերության նկատմամբ չի կիրառվում սույն օրենսգրքի 604 հոդվածը:
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1184.
|
Ժառանգության հասկացությունը
|
1. Ժառանգության դեպքում ժառանգությունը անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:
2. Ժառանգությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում` նաև այլ օրենքներով:
3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների և կուտակային կենսաթոշակների ժառանգության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 1185.
|
Ժառանգության հիմքերը
|
1. Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
2. Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
1. Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
2. Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչը` քաղաքացու մահը:
Հոդված 1188.
|
Ժառանգության բացման ժամանակը
|
1. Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
2. Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
Հոդված 1190.
|
Ժառանգներ
|
1. Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
2. Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՏԱԿԻ
Հոդված 1192.
|
Ընդհանուր դրույթներ
|
1. Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
2. Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:
3. Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին:
4. Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում:
5. Կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ:
6. Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում:
7. Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:
Հոդված 1194.
|
Ժառանգության պարտադիր բաժնի իրավունք
|
1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
3. Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը:
Հոդված 1199.
|
Ցանկացած գույք կտակելու իրավունք
|
1. Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:
2. Ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
3. Կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ:
Հոդված 1201.
|
Ժառանգությունից զրկելը
|
1. Կտակարարն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկել ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին:
2. Եթե կտակարարը ժառանգությունից զրկել է այն անձին, որը ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր:
Հոդված 1202.
|
Կտակը վերացնելը, փոփոխելը և լրացնելը
|
1. Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:
2. Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`
1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.
2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:
3. Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:
4. Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը:
5. Հետագա կտակով ամբողջովին կամ մասնակիորեն վերացված կտակը չի վերականգնվում, եթե կտակարարն ամբողջությամբ կամ համապատասխան մասով վերացրել է նաև հետագա կտակը:
6. Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին հայտարարությունը պետք է արվի կտակ կազմելու համար` սույն օրենսգրքով սահմանված ձևով:
Հոդված 1203.
|
Կտակի ձևը
|
1. Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
Հոդված 1205.
|
Կտակի նոտարական վավերացումը
|
1. Կտակը վավերացնում է նոտարը նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:
2. Նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակը գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա և այլն):
3. Կտակարարի բառերով` նոտարի գրի առած կտակը, մինչև դրա ստորագրելը, պետք է կտակարարն ամբողջությամբ կարդա նոտարի ներկայությամբ:
Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, ապա նոտարը դրա տեքստը հրապարակում է վկայի ներկայությամբ, և այդ մասին նշում է կատարվում կտակում` ցույց տալով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ կարդալ կտակը:
4. Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է:
Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:
5. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային և կտակարարի փոխարեն կտակն ստորագրող անձին կտակի գաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին:
6. Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
7. Այն դեպքերում, երբ նոտարական գործողություններ կատարելն օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձանց, նոտարի փոխարեն կտակը վավերացնում է համապատասխան պաշտոնատար անձը` կտակի ձևի և դրա նոտարական վավերացման կարգի մասին սույն օրենսգրքի կանոնները պահպանելով:
Հոդված 1206.
|
Փակ կտակ
|
1. Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ):
2. Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:
3. Կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:
4. Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
5. Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:
Հոդված 1208.
|
Անձինք, ովքեր չեն կարող վկա լինել և կտակարարի փոխարեն ստորագրել կտակը
|
Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին համապատասխան կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ, այդպիսի վկաներ չեն կարող լինել, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակը չեն կարող ստորագրել`
1) նոտարը կամ կտակը վավերացնող այլ անձը.
2) այն անձը, ում օգտին կազմվել է կտակը կամ` արվել կտակային հանձնարարություն, այդ անձի ամուսինը, երեխաները, ծնողները.
3) լրիվ գործունակությամբ չօժտված քաղաքացիները.
4) անգրագետները և կտակը կարդալ չկարողացող անձինք.
5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում կազմված կտակի լեզվին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ.
6) կեղծ ցուցմունք տալու համար դատվածություն ունեցող անձինք:
Հոդված 1209.
|
Կտակի գաղտնիությունը
|
1. Նոտարը, կտակը վավերացնող այլ անձը, վկաները, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակն ստորագրած քաղաքացին իրավունք չունեն մինչև ժառանգության բացումը տեղեկություններ հրապարակել կտակի բովանդակության, այն կազմելու, վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին:
2. Կտակի գաղտնիությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված եղանակներով:
Հոդված 1211.
|
Կտակի անվավերությունը
|
1. Կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:
2. Կտակը չի կարող վիճարկվել մինչև ժառանգությունը բացվելը:
3. Կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:
4. Կտակի վրիպակները և այն կազմելու, ստորագրելու կամ վավերացնելու կարգի այլ աննշան խախտումները, եթե ապացուցված է, որ դրանք չեն կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա, հիմք չեն կտակն անվավեր ճանաչելու համար:
5. Անվավեր կարող են ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ` դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները: Առանձին կտակային կարգադրության անվավերությունը չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերության:
6. Կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Հոդված 1215.
|
Ընդհանուր դրույթներ
|
1. Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
2. Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
3. Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով:
Հոդված 1216.
|
Առաջին հերթի ժառանգներ
|
Առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Հոդված 1217.
|
Երկրորդ հերթի ժառանգներ
|
Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Հոդված 1218.
|
Երրորդ հերթի ժառանգներ
|
Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:
Հոդված 1219.
|
Չորրորդ հերթի ժառանգներ
|
Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Հոդված 1220.
|
Ժառանգատուի խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձինք
|
Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:
Հոդված 1222.
|
Ամուսնու իրավունքները ժառանգության դեպքում
|
Կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
Հոդված 1223.
|
Որդեգրվածների և որդեգրողների ժառանգությունը
|
1. Ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին (արյունակից ազգականներին):
2. Որդեգրվածը և նրա երեխաները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ծնողների ու ըստ ծագման նրա այլ ազգականների մահից հետո:
Որդեգրվածի ծնողները և ըստ ծագման նրա այլ ազգականները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ու նրա երեխաների մահվանից հետո:
Հոդված 1224.
|
Անժառանգ գույքի տնօրինումը
|
1. Եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:
2. Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Հոդված 1225.
|
Ժառանգությունն ընդունելու կարգը
|
1. Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
2. Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում:
3. Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:
4. Ժառանգության ընդունումը մեկ կամ մի քանի ժառանգների կողմից չի նշանակում դրա ընդունում մնացած ժառանգների կողմից:
5. Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
6. Ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:
7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում:
Հոդված 1227.
|
Ժառանգությունն ընդունելու ժամկետը
|
1. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
2. Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:
3. Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Նվիրատվության մասին լավագույնս գրել է Շեքսպիրը <> ողբերգության մեջ: Նվիրելուց հետո ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԻԿԸ դառնում է ատելի ծերուկ, որի կողքին մնում է միայն ծաղրածուն
ОтветитьУдалить