вторник, 16 июня 2015 г.

Դրամատիկական ժանրեր

Դրամատուրգիայի ժանրերը հիմնականում երեքն են՝ տրագեդիա (ողբերգություն), կոմեդիա (կատակերգություն) և դրամա (նեղ իմաստով):
Ողբերգություն: Ողբերգությունը գրական-թատերական այն ժանրն է, որի մեջ առավել լրիվությամբ արտացոլվել են իրականության ողբերգական կղմերը, հասարակության առաջընթացի համար մարտնչող ու զոհվող հերոսի վեհ գծերը: Եթե գրական մյուս տեսակներում ողբերգականի արտացոլումը կարող է լինել կամ չլինել, ապա տրագեդիայի մեջ այն պարտադիր է:
Տրագեդիան հնագույն ժանրերից մեկն է: Անտիկ աշխարհւմ այն ծագեց ծիսային երգերից ու ներկայացումներից, որոնք կապված էին որոշակի տոների, հավատալիքների, հատկապես Դիոնիսի պաշտամունքի հետ: Ըստ հին հունական դիցաբանության խաղղի և գինու աստված Դիոնիսը սպանվեց տիտանների կողմից, բայց նորից վերակենդանացավ իր հոր՝ Զևսի կամքով: Դիոնսի մահն ու վերակենդանանալը, հին հույների պատկերացմամբ, ամեն տարի սիմվոլիկ կերպով կրկնվում է աշնանը բնության թառամելով և գարնանը նորից կանաչելով: Այդ առասպելի շուրջ հատուկ տոների ժամանակ կատարվում էին երգեր, տրվում էին ներկայացումներ, որոնք պատմում էին Դիոնիսի տանջանքների, մահվան ու հարություն առնելու մասին: Այդպիսի երգերն այն ժամանակ կոչվում էին «տրագեդիա», որը բառացի նշանակում է «այծի երգ», քանի որ նրանց կատարման ժամանակ սովորաբար այծեր էին զոհաբերվում աստվածներին: Սակայն աստիճանաբար «տրագեդիայի» բովանդակությունն ընդլայնվեց. տրագեդիա ասելով սկսեցին հասկանալ առհասարակ տխուր, ողբերգական որևէ պատմություն:
Տրագեդիայի մեջ պատկերվում են կյանքի ամենաուժեղ, սուր հադրությունները, որոնք գրեթե միշտ ողբերգական վախճան են ունենում, ավարտվում են գլխավոր հերոսի կործանումով:
Տրագեդիան արծարծում է քաղաքական և բարոյական մեծ հարցեր, կատարում վիթխարի ընդհանրացումներ, որոնք իրենց նշանակությունը չեն կորցնում շատ սերունդների համար:

Միջին դարերում ողբերգությունը որևէ զարգացում չունեցավ: Դրա փոխարեն տարածված էին միստերիաները՝ կրոնական սրբերի կյանքից քաղված ներկայացումներ:
Վերածնության դարաշրջանում և հատկապես Շեքսպիրի ստեղծագործությունների մեջ ողբերգության ժանրը հասավ բարձրագույն կատարելության: Շեքսպիրի ողբերգության հիմնական թեման հումանիստ անհատի կործանումն է՝ հին ուժերի հետ ընդհարվելիս (Համլետ, Օթելլո, Ռոմեո և Ջուլիետ):
XIX դարի հայ գրականության մեջ տարածված էին պատմական ողբերգությունները, որոնք որոշակի դեր խաղացին թատրնի զարգացման և հանդիսականի հայրենասիրական դաստիարակության գործում:
Սակայն XIX – XX դարերի գրականության մեջ ողբերգության ժանրը չմնաց այն բարձրության վրա, որին այն հասել էր Շեքսպիրի ստեղծագործության մեջ:

Հետաքրքիր մտքեր Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից
Կասկածիր աստղերի փայլելու վրա,
Կասկածիր արևի շրջելու վրա,
Ճշմարտության վրա նույնիսկ կասկածիր,
Բայց սիրու վրա դու մի կասկածիր:

Ուրիշներին լավ ճանաչել նշանակում է ինքն իրեն լավ ճանաչել:

Ուր սերը մեծ է, փոքրիկ կասկածը մեծ վախ է դառնում: Երբ մեծանում են փոքրիկ վախերը՝ սերն է մեծանում:

Առակ: Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։
Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։ Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։ Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ 
Երկու ընկեր
Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրաԱյսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞:
Ընկերը պատասխանեց.

-Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Комментариев нет:

Отправить комментарий