1922թ «Երեքի» դեկլարացիայի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ քննադատ Պողոս Մակինցյանը ակամա թե կասկածով գրել է «… Հնից Աթիլլան է հրահրում կարմիր պոետի ֆանտազիան, «հոների արքա հզոր Աթիլլը»: Չարենցը իր պատասխան հոդվածում շտապում է բացատրել իրողությունը և թոթափել անհիմն մեղադրանքը. «Իմ Աթիլլա» բանաստեղծության մասին միայն պիտի ասեմ, որ նա գրված է 1916 թվին և նրանում պատկերված է «հոների արքա հզոր Աթիլլը», որպես պատերազմի հզոր սպառնալիք,- որ կախված է բուրժուական հասարակարգի վրա և կախված կմնա, քանի դեռ այդ հասարակարգը կա: Ինչ կա սրանում մեղադրելի և էն որ մարքսիստն է, ո՞ր կարող է հակաճառել սրան»:
«Վահագն» - «Աթիլլայի» ստեղծման թվականը անորոշ պատճառաբանությամբ նա 1916 թվականից տեղափոխում է 1918թ, այսինքն՝ այդ երկերը Դանթեական առասպելի մթնոլորտից տանում է Խելագարված ամբոխների մթնոլորտը:
Չարենցը հայկական քաջության և հրդեհի աստծուն՝ Վահագնին, հաղորդում է ժամանակակից լիցքեր և հեռավոր առասպելի հերոսի մեջ մարմնավորում մեռնող Հայաստանի կերպարը: Չարենցը ասում էր, որ ամեն ինչ, ամեն կարևոր բան արվեստի մեջ սկսվում է ազգային հիմքերից՝ և՛ ոգին, և՛ գաղափարները, և՛ խառնվածքի տիրապետող շեշտերը: Հենց այս հիմքերի վրա է բարձրացրել նաև համամարդկային ընդհանրացում և հնչեղություն ունեցող «Աթիլլան»: Ի՞նչ հանգամանք է Չարենցին մղել դեպի այդ թեման, ինչո՞վ է Աթիլլան՝ հոների արքան, կապվում Վահագնի հետ, արդյոք անհարիր բան չէ՞ հայոց քաջության, արևի ու փրկության աստծու այս մերձեցումը հոների դաժան արքայի հետ, որի ոտքի տակ տնքում էր հողը: Բայց ո՛չ: Հոնորի արքան այս դեպքում ոչ թե պատմական հերոս է, այլ լեգենդար, սիմվոլիկ, որի միջոցով հայ բանաստեղծը ինչ-որ կարևոր բան է ասում աշխարհին: Չարենցը, որի հայրենիքը դարձել էր հին, արատավոր աշխարհի զոհը, ամենից ավելի ուներ փայփայելու այդ աշխարհի կործանման երազը: Չարենցի ստեղծագործության տրամաբանական ուղին տանում է դեպի վրեժխնդրություն: «Վահագնում» և «Աթիլլայում» որոշ կողմերով ավելի է զորանում «Դանթեական առասպելի» ոգին: «Աթիլլայում» խստորեն ընդգծված է այրող, անկեղծ ատելությունը զառամած աշխարհի դեմ: Լեգենդար մշուշից բարձրանում է պատմության հերոսը՝ դաժան Աթիլլը: Աթիլլան ուզում էր արևելքից մինչև արևմուտք ավերել աշխարհը: Աթիլլը երազում էր մի կարմիր գիշեր հիմնովին քանդել Հռոմը, երազում էր այն օրը, երբ իր ոտքերի առաջկրկին կսողան չնչին արքաները:
Որեմն, հավերժական է ոչ միայն դաժանությունը, այլև վրեժի ոգին: Մեղքերով ու արատներով ծանրաբեռն կյանքը կանգնած է անդունդի եզրին, հին ապականված աշխարհին սպասում է ահեղ դատաստանը: Սա ծանր և լուրջ եզրահանգում էր, որը ցույց էր տալիս Չարենցի մտքի առնականացումը և զարգացումը:
Չպետք է կարծել, թե Չարենցն իդեալականացնում է պատմության արյունարբու հերոսին: Աթիլլան սիմվոլ է, միջոց, Չարենցը հաշիվ ուներ ոչ թե նրա, այլ արատներով բեռնված աշխարհի հետ: Եվ, բնականաբար, նա ուրույն գծեր է տալիս հերոսին, անում ինչ-որ ուղղումներ, ավելի ցայտուն դարձնում վրիժառության կիրքը:
Պոեմը ունի գեղարվեստական մի ուրույն հատկանիշ, գրված է թանձր ատելության կրքով, շիկացումով:
Комментариев нет:
Отправить комментарий