пятница, 6 июля 2012 г.

Գերմանական դասական փիլիսոփայության նախահայրը. Իմմանուիլ Կանտ


Կանտը ծնվել է 1724թ. ապրիլի 22-ին, Քյոնիգսբերգի ոչ հարուստ ընտանիքում: Նրան անվանել են Իմմանուիլ` ի պատիվ սուրբ Իմմանուիլի: Դոկտոր Ֆրանց Ալբերտ Շուլցի խնամակալության ներքո, ով Կանտի մեջ նկատել է ձգտում, նա ավարտել է «Ֆրիդրիխ -կոլեգիում» գիմնազիան և ընդունվել Քյոնիգսբերգի համալսարան: 1745 թվականին ավարտել  է Քյոնիգսբերգի համալսարանը, որտեղ էլ դասավանդել է աշխարհագրություն, մարդաբանություն, բնական իրավունք, տրամաբանություն և մետաֆիզիկա. այս ամենը շարունակվում է 40 տարի: 


Նրա ստեղծագործական ուղին բաժանվում է 2 շրջանի` «մինչքննադատական» (մինչև 1770թ.) և «քննադատական»: Առաջինում գերակշռել են բնագիտական աշխատությունները, որոնցից հատկանշական է «Համընդհանուր բնական պատմություն և երկնքի տեսություն» (1755թ.) երկը, որտեղ հեղինակը զարգացրել է վարկած արեգակնային համակարգի ծագման մասին (կոչվում է Կանտի վարկած): Երկրորդ շրջանում գրել է «Զուտ բանականության քննադատությունը» (1781թ.), «Պրոլեգոմներ…» (1783թ.), «Գործնական բանականության քննադատությունը» (1788թ.), «Դատողության ընդունակության քննադատությունը» (1790թ.) և այլ աշխատություններ, որոնք նպաստել են փիլիսոփայության հետագա զարգացմանը: 1794 թվականին Կանտն դարձել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:

Կանտի փիլիսոփայության առանցքն իմացաբանությունն է, որտեղ նա խստորեն տարբերակել է մասնավոր գիտական (մաթեմատիկա, բնագիտություն) և մետաֆիզիկական (փիլիսոփայակն) գիտելիքների հնարավորության պայմանները` ենթադրելով, որ փիլիսոփայական սկզբունքներն ունեն լոկ կարգավորիչ կիրառում: Ըստ Կանտի` գիտելիքի բովանդակությունը պայմանավորված է փորձով, իսկ համընդհանրության և անհրաժեշտության արժեքներ գիտելիքին տրվում են փորձից անկախ, այնպես, ինչպես ընկալվում է գիտակցության կողմից: Կանտը զատել է «ինքնին իրերի» (նշանակում է` իրերն ինչպես որ կան` անկախ ամեն ինչից) աշխարհը երևույթների աշխարհից: Թեև, նրա կարծիքով, հենց «ինքնին իրերն» են ներգործում զգայարանների վրա` առաջ բերելով զգայություններ, այնուամենայնիվ, իրերը մենք ճանաչում ենք ոչ այնպես, ինչպես նրանք գոյություն ունեն ինքնին, այլ այնպես, ինչպես մենք ենք ընկալում:

Комментариев нет:

Отправить комментарий