среда, 18 июля 2012 г.

Սուրճի մասին


Դեռ անհիշելի ժամանակներից սուրճը Արաբական թերակղզում օգտագործվում էր որպես ըմպելիք: Արաբներն իբրև սովորույթ այն փոխառել էին եթովպիացիներից: Մինչ 12-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը:
Ըստ ավանդության` մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ կերակրաբաժնի մեջ, բառի բուն իմաստով սուրճն սկսեց օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց խմիչքի վարկանիշի աճին: 16-րդ դարի կեսին  Շեմզա անունով հալեպցի մի արաբ` դարչնագույն հատիկներով բեռնված նավով անցավ Միջերկրականը և առաջին սրճարանը հիմնեց Բոսֆորի ափին: Արաբներից հետո սուրճի մեծ գնահատողներ դարձան օսմանները, բայց մինչ նրանց մի մասը վայելում էր խմբակային սուրճի բոլոր առավելությունները, մյուս մասը հասցրեց հորջորջել այն իբրև «մեղսալի նորամուծություն»: Եվ եթե գրողների մի մասը ջանք չէր խնայում` փառաբանելու քահուան (սուրճի արաբերեն անվանում), մյուս մասը ոչ պակաս ջանասիրաբար փնովում էր «քնի և սիրո թշնամուն», «սատանայի ընծային»: Ու չնայած Մուրադ 4-րդի օրոք սուրճի նկատմամբ սերը կարող էր հասցնել մինչև կախաղան, Մուհամմեդ 4-րդի օրոր սուրճը` ի թիվս այլ ընծաների, նվիրաբերվեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին: Իսկ այն բանից հետո, երբ եվրոպացի ազնվական կոկետուհիները հավանություն տվեցին թանձր սև ըմպելիքին, կտրուկ ավելացավ Վենետիկի, Մարսելի և Փարիզի սրճարանների այցելուների թիվը: 1860 թվականին Պալերմոյի ազնվականներից մեկը` Պրոկոպիո Կուլտելլին, որոշեց հատուկ սրճարան բացել միայն ազնվականների և արվեստագետների համար: Դա անելու համար լավագույն տեղ դաևձավ Կոմեդիի շենքի դիմացի փողոցը: Այսօր արդեն սուրճի բիզնեսը համարվում է երկրորդն իր շրջանառությամբ` բենզինի բիզնեսից հետո:
Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է ընդամենը 4 կենսաբանական տիպերի բերքը: Արաբիկային բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրանքի 70 %-ը, Ռուբուստային` մոտ 30 %-ը: Մյուս երկուսը հազվադեպ են օգտագործվում սուրճի արտադրության մեջ: Բացի սրանցից կան նաև Արաբիկայի մուտացիան համարվող Մարագոջիպը, որն ունի ավելի մեծ հատիկներ: Մինչև անցած դարի 70-ական թվականները Եվրոպա ներմուծվում էր հիմնականում ռուբուստա տեսակի սուրճ, այն ժամանակ էսպրեսոն պատրաստում էին միայն դրանից, բայց այսօր Արաբիկան անհամեմատ ավելի հարգելի է: Աշխարհում առկա էլիտար սուրճերի 99 %  ստացվում է Արաբիկայից: Չնայած քչերին է հայտնի, որ Արաբիկան և Ռուբուստան իրականում իդեալական ձևով լրացնում են միմյանց: Առաջինը պարունակում է ավելի շատ ածխաջրեր և ավելի քիչ կոֆեին, երկրորդը` հակառակը: Ավելի պարզ ասած, Արաբիկան պայմանավորում է սուրճի համն ու բույրը, իսկ երկրորդը` թնդությունը: Բայց այսօր Բրազիլական սուրճ արտահայտությունը կարող է շատ ավելին ասել սուրճի սիրահարներին, քան տարբեր տեսակների մասին երկար-բարակ զրույցները:

1777 թ. Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել: Այս հրամանի  կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ` սուրճի լրտեսներ: Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը` Կիկին-դե-Կեկ, թարգմանվում է որպես «Նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի: Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր: Օրինակ, Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ` սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում: Ճապոնացիները հավատացնում են, որ դա իսկական փրկություն է հատկապես հոգնած մարդու համար: Իսկ Գերմանիայում երկրի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից, խոսքը սակայն, սուրճ խմելու մասին չէ, քանի որ ճաղատացումից, ըստ նրանց, ապահովագրվել կարելի է միայն մազերը սուրճով լվանալու դեպքում:   

Գիտելիքների շտեմարան 4
Երևան 2007

Комментариев нет:

Отправить комментарий