суббота, 7 июля 2012 г.

Շառլ Բոդլեր


«Ես ասում եմ կեցցե´, ամբողջ ուժով ասում եմ կեցցե´ ձեր հզոր տաղանդը»:
                                                                                                                                    Վիկտոր Հյուգո
Կյանքը

Ծնվել է Փարիզում, 1821թ. ապրիլի 9-ին: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքի: Հայրը մահացավ 1827թ.-ին: Մեկ տարի անց նրա կինն ամուսնանում է մայոր Օպիկի հետ: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը:


1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա` Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջ: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները:
1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը նրան ուղարկում է ծովային ճանապարհորդության: Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ: 1842-ին Բոդլերը արդեն չափահաս էր, և ստնալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Այդ ժամանակ նա միանում է «Նորմանդյան դպրոց» խմբակցությանը: «Նորմանդականները» ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով: Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: 

Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն: Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանում Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը: 1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` «Սալոն 1845» գրքույկը: Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար: 1864-ին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866): Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ: 1867 օգոստոսի 31 կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է մահկանացուն:

Չարի ծաղիկներ

«Չարի ծաղիկները» Բոդլերի բարձրագույն գեղարվեստական նվաճումն է: Ժողովածուի վրա բանաստեղծն աշխատել է գրեթե ամբողջ կյանքի ընթացքում: Նախապես ծրագրված է եղել գիրքը խորագրել «Լեսբոսուհիներ», ապա` «Լիմբոսներ»: Արդեն 1855-ին «Revue des Deux Mondes» ամսագրում «Չարի ծաղիկները» վերնագրով լույս են տեսնում Բոդլերի 18 բանաստեղծություններ:
Նույն խորագրով գիրքը լույս է տեսնում 1857-ին: Այս հրատարակության մեջ ընդգրկված էին 100 բանաստեղծություններ, որոնցից վեցը արգելվում են:Երկրորդ հրատարակությունն իրագործվում է 1861-ին: 126 բանաստեղծություն ընդգրկող այս ժողովածուից վեց դատապարտված գործերը դուրս են մնում: Դրանք դուրս են մնում նաև երրորդ հրատարակությունից, որը կատարվում է բանաստեղծի մահից հետո և ընդգրկում արդեն 151 բանաստեղծություն:

Բոդլերը բազմիցս նշել է, որ «Չարի ծաղիկները» ոչ թե առանձին բանաստեղծությունների հավաքածու է, այլ ներկայացնում է մի ամբողջ գաղափարագեղարվեստական կառուցվածք, ուր ամեն բանաստեղծություն ունի իր տեղը: «Չարի ծաղիկները» ձոնված է բանաստեղծ, արձակագիր և քննադատ Թեոֆիլ Գոթիեին, որը եղել է «արվեստը արվեստի համար» տեսության կրքոտ պաշտպան: Բոդլերը, թվում է, այս ընծայականով իր համակրանքն է հայտնել այդ տեսության հանդեպ: Դիմելով Գոթիեին` Բոդլերն անտարակույս ավելի շատ նկատի է ունեցել նրա մարտաշունչ ռոմանտիկ անցյալը: Ժողովածուն սկսվում է ընթերցողին ուղղված նախերգանքով, որից պարզորոշ երևում է, որ հեղինակը ձգտել է հետևել Դանթեի «Դժոխքին»: «Չարի ծաղիկների» առաջին հրատարակությունը, որն ընդգրկում էր այս նախերգը և 100 բանաստեղծություն, որոշ իմաստով կրկնում է «Աստվածային կատակերգության» կառուցվածքը, որը բաղկացած է նախերգանքից ու 99 երգերից:

Բոդլերի արվեստը

Բոդլերը շարունակաբար գրել է կերպարվեստի, գրականությանն ու երաժշտությանը վերաբերող հոդվածներ, ցուցահանդեսների տեսություններ, գրախոսականներ: Նկարչության հանդեպ դեռևս հորից ժառանգած սերը նրան պատանի հասակից մղել է դեպի կերպարվեստի ցուցահանդեսները, նկարիչների արվեստանոցները, հավաքույթները: Նա մտերմացել է Կուրբեի, Դոմիեի, Էժեն Դելակրուայի և բազում այլ անվանի նկարիչների հետ: Ի դեպ , բանաստեղծն ինքն էլ զուրկ չի եղել նկարչական շնորհքից, և ինչպես նրա մասին ասել է Դոմիեն, նա մեծ նկարիչ կդառնար, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ:

Комментариев нет:

Отправить комментарий